«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԿՈՒԶԵԻ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԱՋԱԿՑԵԻՆ ԽՆԴՐԻ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՄԱՆԸ»

«ԿՈՒԶԵԻ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԱՋԱԿՑԵԻՆ ԽՆԴՐԻ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՄԱՆԸ»
09.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ
-Հայ-թուրքական հարաբերությունների ներկա պահի Ձեր գնահատականը:
-«Օրինաց երկիր» կուսակցությունը և նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը բազմիցս են հայտարարել, որ Հայաստանը 21-րդ դարում պետք է բնականոն և փոխշահավետ հարաբերություններ ունենա հարևան երկրների հետ: Դա բխում է մեր երկրի և մեր ժողովրդի տարածաշրջանային անվտանգության, կայունության և խաղաղության շահերից: «Օրինաց երկիր» կուսակցությունը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որին մշտապես անդրադարձել է իր նախընտրական ծրագրերում: Այսօր սկիզբ է դրվել հայ-թուրքական հարաբերությունների որակական նոր գործընթացի, որի արդյունքում երկու երկրները, դրսևորելով քաղաքական կամք, կարողացան համաձայնության գալ առաջ շարժվելու համար: Եվ այսօր այս քայլն ամենաբարձր մակարդակով ողջունում և աջակցում են բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, որոնք կոչ են անում շարունակել գործընթացը, հարգել փոխադարձ համաձայնությունները, սեղմ ժամկետում հաստատել և իրագործել համաձայնեցված արձանագրությունները: Պետք է փաստեմ, որ անկախ Հայաստանի 18-ամյա պատմության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերից ամենահամարձակն ու գործնականը համարում եմ ՀՀ երրորդ նախագահի սկսած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
-Նախաստորագրված արձանագրություններում վտանգներ չե՞ք տեսնում հետագա գործընթացների համար:
-Ակներև է, որ նախաստորագրված արձանագրություններում տեղ չեն գտել մշտապես Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները: Այս արձանագրություններում մենք մեր ոչ մի պահանջից չենք հրաժարվում. թե՛ ցեղասպանությունը, որը 20-ից ավելի երկրներ տարբեր բանաձևերով և օրենքներով արդեն դատապարտել և ճանաչել են, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ազգաշահ լուծում տալու նախագահական ընտրություններից հետո ձևավորված նոր քաղաքական իշխանության նախաձեռնած մեր մոտեցումները կան և մնալու են մեր երկրի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններ և որևէ առնչություն չունեն հայ-թուրքական սկսված գործընթացի հետ: Սկսվել է գործընթաց և պետք է առաջ շարժվել` հստակ հաշվարկելով և ուսումնասիրելով հետագա բոլոր խնդիրներն ու ռիսկերը: Արագ և կտրուկ լուծումներ պարզապես հնարավոր չեն: Եվ վերջապես, արդեն իսկ սեղանին դրված արձանագրությունները պետք է քննել ըստ էության` հաշվի առնելով նաև ընձեռած բոլոր հնարավորությունները:
-Ի՞նչ գնահատական եք տալիս ՀՅԴ-ի և ընդհանրապես ընդդիմության քայլերին:
-Ամեն մի քաղաքական ուժ ինքն է ընտրում իր գործունեության մարտավարությունը: ՀՅԴ-ն, ավանդական քաղաքական ուժ լինելով, ունի խնդրի լուծման իր մոտեցումները և տեսակետները: Կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք ժամանակին եղել են իշխանություն, և կարծում եմ, որ ավելին չի արվել, քան այսօր: Այս հարցում կուզեի, որ ընդդիմությունը և իշխանությունը համախմբված աջակցեին խնդրի ազգանպաստ լուծմանը: Մեր հայրենակիցները մեկնում են Թուրքիա հանգստանալու, գործում է Երևան-Ստամբուլ չվերթը, Հայաստանի 60-70 հազար քաղաքացի ապրում և աշխատում է Թուրքիայում, մեր երկրի ապրանքների ներկրման հաշվեկշռում 1/4 մասը բաժին է ընկնում թուրքական ապրանքներին, նշանակում է, վաղուց ժամանակն է հարաբերությունները տեղափոխել իրավական հարթություն և պետական մակարդակով աջակցել մեր հայրենակիցներին:
-Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն նախաստորագրված արձանագրություններում որոշակի վտանգներ է արձանագրում։
-Նախաստորագրված արձանագրություններն ընդամենը միտում ունեն կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները: Սա երկար ու բարդ գործընթաց է: Երբ խորությամբ ուսումնասիրում ես արձանագրությունների կետերը, հստակ երևում է, որ իսկապես մենք գնում ենք առանց նախապայմանների մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Իհարկե, մենք 100 տոկոսով ապահովագրված չենք ռիսկերից և դեպքերի այլ զարգացումներից: Այսօր այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տանում Անվտանգության խորհուրդը, որի մասին հայտարարել է նաև Արթուր Բաղդասարյանը: Ես համոզված եմ, որ երկրի նախագահը և քաղաքական իշխանությունը չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք վտանգավոր են մեր հայրենիքի համար կամ չեն բխում մեր երկրի ու ժողովրդի շահերից:
-ԱԺ-ում կազմակերպվեցին լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. դրանք նպաստեցի՞ն հասարակության մտահոգությունների նվազմանը:
-Ժողովրդավարական ուղի որդեգրած պետություններում անհրաժեշտ և կարևոր գործընթաց է հանրային քննարկումներ անցկացնելը, եթե դա վերաբերում է, մասնավորապես, պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերին: Խոսքի ազատությունը և պլյուրալիզմը արդյունավետ գործիքներ են այս կամ այն հարցերին գնահատականներ տալու, հետագայում արդյունավետ լուծումներ գտնելու համար: Այս իմաստով ողջունելի է ՀՀ նախագահի հանդիպումը 50-ից ավելի կուսակցությունների ղեկավարների հետ, Հանրային խորհրդում ծավալված քննարկումները, ողջ երկրով մեկ տեղի ունեցող քննարկումները, նախագահի համահայկական ուղևորությունը սփյուռքի գաղթօջախներ: Եվ, ինչու չէ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները: ԱԺ լսումները, ինչպես և սպասվում էր, անցան շատ բուռն ու լարված մթնոլորտում: Ինքս, լինելով մասնակից այդ լսումներին, կարող եմ ասել, որ, իհարկե, յուրաքանչյուր քաղաքական կամ հասարակական կազմակերպություն կարող է ազատորեն արտահայտել իր վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, բայց ես, ինչպես ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ ասացի, հիմա էլ նույն համոզմունքին եմ, որ ազգային, պետական կարևորագույն հարցերը զգացմունքների մակարդակից պետք է տեղափոխվեն քաղաքական հարթություն` խորքային և բազմակողմանի քննարկումների ենթարկվելու: Պետք չէ քաղաքական դիվիդենդներ շահելու համար պարզունակ ու անպտուղ իմիտացիաներ ստեղծել: Դա կաթվածահարում և խեղաթյուրում է գործընթացը:
-Ի՞նչ գործընթացներ կան այսօր ՕԵԿ-ում, և Դուք, որպես ԱԺ խմբակցության կին ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում կնոջ դերակատարությունը քաղաքական դաշտում:
-Կնոջ մասնակցությունը համարում եմ չափազանց կարևոր և օգտակար թե՛ Ազգային ժողովի, թե՛ ողջ քաղաքական դաշտի համար: Շատ հաճախ կան սուբյեկտիվ ընկալումներ, որոնց հաղթահարումը համարում եմ ժամանակի խնդիր: Սուբյեկտիվ պատճառներից կարող եմ նշել այն, որ հասարակությունում դեռևս կան կարծրատիպեր, որոնք առավել ցայտուն դրսևորումներ են ստանում քաղաքական գործընթացներում: Խոսքը վերաբերում է կին-թեկնածու, կին-քաղաքական գործիչ, կին-ղեկավար խնդիրներին: Մենք փորձում ենք այդ կարծրատիպերը հաղթահարել: Ես «Օրինաց երկիր» կուսակցության առաջադրած քաղաքապետի թեկնածու էի և ուրախ եմ, որ մեր քաղաքական պատմության մեջ այդօրինակ առաջադրումն առաջին անգամ էր, որը նոր էջ բացեց մեր երկրի քաղաքական մշակույթում: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այն մարտունակ է, և մենք այժմ նաև իրականացնում ենք ակտիվ կուսակցական շինարարություն` ամրացնելով կուսակցության տարածքային կառույցները և միությունները: Եվ արդեն 12 տարի «Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ կուսակցություններից մեկն է և իր ծանրակշիռ դերակատարումն ունի մեր երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ